Կարկուտից տուժած գյուղացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով սառեցնել վարկերը
Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր՝ հունիսի 13-ին, փակել են գյուղ տանող ճանապարհը՝ պահանջելով, որ կառավարությունը փոխհատուցի կարկտահարության հետեւանքով կրած վնասը, արտոնություններ սահմանի ջրի, հողի վճարների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, որն այցելել էր Արմավիրի մարզ:
«Մենք ասեցինք, որ իրավիճակից դուրս գալու համար պետք է գույքագրվի ամեն ինչ, որ ներկայացնենք կառավարություն, ու համապատասխան մարմինները զբաղվեն, պահանջում էին՝ բանկերից վերցրած վարկերի սառեցում, հողի, ջրի վարձի սուբսիդավորում տոկոսադրույքների զիջում»,-ասել է փոխախարարը:
Ինչ վերաբերում է գյուղացիների դժգոհությանը, որ հակակարկտային կայանները չեն աշխատում, փոխնախարարն ասել է.
«Եթե չաշխատեին, իրավիճակն ավելի ծանր կլիներ, 40-100 տոկոսով վնասվել է բերքը, բայց ոչ ամբողջ տարածքինը, մի տեղ խփել է կարկուտը, մյուս տեղ՝ ոչ: Հակակարկտային կայանների աշխատանքի արդյունք է, որ գյուղի ճանապարհի մի կողմը խփել է, մյուսը՝ ոչ»,-ասել է նա:

















































