Մահվան ելքով վրաերթի գործով որպես կասկածյալ ներգրավված Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին ստորագրությամբ ազատ է արձակվել
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի 17-ամյա որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, ում որդին հունիսի 8-ին տեղի ունեցած վրաերթի գործով ներգրավվել է որպես կասկածյալ.«Խափանման միջոց ընտրվել է և որդիս ստորագրությամբ ազատ է արձակվել»:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հունիսի 8-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանը, ով գիտակցության չգալով մահացել է:
Պարզվել է, որ մեքենայի ղեկին եղել է 17-ամյա երիտասարդ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ երիտասարդը նույն օրը, ժամը 21-ին, ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկել և դեպքից հետո ինքնազգացողությունը վատանալու պատճառով դիմել է բուժօգնության:
Tert.am-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետը ևս հաստատել էր, որ ղեկին եղել է իր որդին և մեքենայի բանալիներն ինքն է վերցրել:

















































