Չկա այն տպավորությունը, որ ԱՄՆ գործարարների համար շահավետ է Հայաստանում ներդրումներ անելը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանը չի կարծում, որ Միացյալ Նահանգներում ապրող գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ անելու գաղափարով:
NEWS.am-ի հետ զրույցում Մարիա Մեհրանյանը նշեց, որ դրան հասնելու համար նախ եւ առաջ պետք է քարոզչական լայնածավալ աշխատանքներ իրականացնել:
«Չեմ կարծում, որ այս պահին Միացյալ Նահանգներում ապրող գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելով, պետք է քարոզչական աշխատանք տանել թե ԱՄՆ-ում ապրող հայերի համար, թե ամերիկացիների: Չեմ կարծում, որ կա այն տպավորությունը, որ ԱՄՆ-ում ապրող գործարարի համար անպայման շահավետ կլինեն այդ ներդրումները»,- ասաց հայ համայնքի ներկայացուցիչը:
Նշենք, որ մայիսի 17-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ ամերիկացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում էներգաարտադրության ոլորտով:

















































