ԱՄՆ-ը սահմանափակում է «ծննդաբերական զբոսաշրջությունը»
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է վիզայի նոր կանոնները, որոնք ուղղված են, այսպես կոչված, «ծննդաբերական զբոսաշրջության» սահամանփակմանը։ Այդ պրակտիկայի համաձայն, հղի կանայք գալիս են ծննդաբերելու ԱՄՆ, որպեսզի իրենց երեխաները ամերիկյան քաղաքացիություն ստանան, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Վիզա ստանալ ցանկացողները պետք է ապացուցեն, որ իրենք ԱՄՆ են մեկնում բժշկական ցուցումներով, այլ ոչ թե պարզապես ծննդաբերելու համար։ Բժշկական ցուցումներով ճանապարհորդողները պետք է ապացուցեն, որ իրենք ունեն անհրաժեշտ միջոցներ, այդ թվում տրանսպորտի եւ ապրելու ծախսերի համար։
Ծննդաբերելու համար ԱՄՆ ժամանելն, ըստ էության, օրենքի խախտում չէ, թեեւ կան առանձին դեպքեր, երբ «ծննդաբերական զբոսաշրջության» գործակալները կալանավորվել են խարդախությունների եւ հարկերից խուսափելու համար։ Կանայք հիմնականում փաստաթղթերը հանձնելիս ազնվորեն հայտնում են իրենց մտադրությունների մասին եւ նույնիսկ բժիշկների ու հիվանդանոցների հետ ստորագրած պայմանագրեր են ցույց տալիս։
Պետդեպարտամենտում «չեն համարում, որ երեխայի համար ամերիկյան քաղաքացիություն ստանալու հիմնական նպատակով ԱՄՆ այցելելու պրակտիկան, որը հայտնի է նաեւ «ծննդաբերական զբոսաշրջություն» անվանումով, օրինական գործողություն է՝ հանուն հաճույքի կամ զվարճանքի», ասվում է նոր կանոններում, որոնք ուժի մեջ կմտնեն ուրբաթ օրը։
Թրամփի վարչակազմը տարբեր միջոցառումներ է ձեռնարկում միգրացիան սահմանափակելու համար, սակայն Թրամփի հատուկ վրդովմունքն է առաջացնում ծնվելու իրավունքով ստացած քաղաքացիությունը։ Ըստ սահմանադրության՝ ԱՄՆ տարածքում ծնված ցանկացած մարդ ամերիկյան քաղաքացի է համարվում։ Նախագահը բազմիցս քննադատել է այդ պրակտիկան եւ սպառնացել արմատախիլ անել այն, սակայն իրավագետներն ու նրա վարչակազմի անդամները նախազգուշացնում են, որ դա այնքան էլ հեշտ չէ։
Հղի կանանց համար զբոսաշրջային վիզաներ ստանալու կանոնների փոփոխությունը հնարավոր մոտեցումներից մեկն է, սակայն հարցեր են առաջանում՝ կապված այն բանի հետ, թե ինչպես որոշել հղի է արդյոք կինը, եւ կարող են արդյոք սահմանապահ ծառայության աշխատակիցները մերժել նրան մուտքի վիզայի հարցում, եթե միայն արտաքինից հղի համարեն։
Վիզայի ձեւակերպման հարցազրույցի ժամանակ հյուպատոսության աշխատակիցները իրավունք չունեն կանանց հարցնել, թե հղի են արդյոք նրանք կամ պլանավորում են արդյոք հղիություն, սակայն նրանք պետք է որոշեն, թե հանդիսանում է արդյոք ծննդաբերությունը ԱՄՆ ուղեւորության հիմնական նպատակ։
«Ծննդաբերական զբոսաշրջությունը» եկամտաբեր բիզնես է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ մի քանի այլ երկրների համար։ Նման ուղեւորությունների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունները մինչեւ 80 000 դոլար հոնորարներ են վերցնում՝ առաջարկելով թե բժշկական ծառայություններ, թե հյուրանոցներում կեցություն։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ