Հայաստանում դատապարտված Պերմյակովն իր պատիժը Ռուսաստանում է կրելու
7 մարդու սպանության համար Հայաստանում դատապարտված զինծառայող Վալերի Պերմյակովն իր պատիժը Ռուսաստանում է կրելու, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հյուսիս- Կովկասյան շրջանային ռազմական դատարանի ներկայացուցիչը, որը մայիսի 4-ին ճանաչել է Հայաստանի դատարանի դատավճիռը։
«Իհարկե նա պատիժը Ռուսաստանում կկրի»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը, չճշգրտելով, թե Ռուսաստանի որ շրջանում է իր պատիժը կրելու Պերմյակովը։
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի էր ունեցել 2015-ի հունվարի 12-ին։ Համաձայն մեղադրական եզրակացության` 2015 թվականի հունվարին Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ներխուժել է Ավետիսյան ընտանիքի տուն ու կյանքից զրկել յոթ մարդու, այդ թվում` երկու երեխաների: Դրանից հետո նա թողել է համազգեստը, հրացանն ու անհետացել: Ռուս սահմանապահները նրան հայտնաբերել են Թուրքիայի սահմանի մերձակայքում: 2015 թվականի օգոստոսի 12-ին ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատապարտել է տասը տարվա ազատազրկման: Օգոստոսի 23-ին Հայաստանի Շիրակի մարզի դատարանը Պերմյակովին մեղավոր է ճանաչել յոթ մարդու սպանության մեջ եւ նրան ցմահ ազատազրկման դատապարտել: Պերմյակովը կալանավորված է ռուսական ռազմաբազայում:

















































