Ռոբին Բյոնիշը Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի մասին․ Չեխիան ապացուցել է, որ չի ենթարկվում շանտաժների
Չեխիայի խորհրդարանի պատգամավորները ապացուցել են, որ Չեխիան ինքնիշխան երկիր է, որին չի կարելի շանտաժի ենթարկել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Չեխիայի խորհրդարանի պատգամավոր Ռոբին Բյոնիշը, որը Չեխիայի խորհրդարանին է ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագիծը։
Ապրիլի 25-ին բանաձեւն ընդունվել է 104 «կողմ» ձայներով։ Փաստաթղթում Հայոց ցեղասպանությունը որակված է մարդկության դեմ հանցագործություն։ «Ես ուրախ ու գոհ եմ Պատգամավորների պալատի այս քայլից։ Ինչ վերաբերում է Չեխիայի ու Հայաստանի հարաբերություններին, ապա դրանք հոյակապ մակարդակի վրա են։ Ցեղասպանոթյան պաշտոնական ճանաչումն էլ այս առումով հավելյալ դրական քայլ է»,- ասել է Բյոնիշը, Չեխիայի ու Հայաստանի միջեւ միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահը։
Պատասխանելով այն հարցին, արդյոք ամբողջ աշխարհում մարդու իրավունքների խախտումները կանխելու մասին փաստաթղթում նշված կոչը վերաբերում է Մերձավոր արեւելքում փոքրամասնությունների հետ կապված իրավիճակին, խորհրդարանականը շեշտեց, որ դա ընդհանուր ձեւակերպում է ու վերաբերում է ընդհանուր իրավիճակին։ «Այն ներկայացնում է Չեխիայի ավանդական արտաքին քաղաքականությունը, որն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը»,- նշել է նա։

















































