Ռուս զբոսաշրջիկ. Հայաստանում հեշտ է չաղ ու բախտավոր դառնալը
Եթե ունեք մի քանի ազատ օր, ուղեւորվեք Երեւան. հայկական հյուրընկալությունը, համեղ խոհանոցը, տաք եղանակը եւ լեռները սպասում են ձեզ,– խորհուրդ է տալիս ճանապարհորդ Եկատերինա Գարանինան՝ «Ռուսկի բլոգեր» պորտալի իր հոդվածում։

«Հայաստանում զբոսաշրջիկներն այնքան էլ շատ չեն, չնայած որ էժան երկիր է։ Այստեղ կուշտ եւ համեղ կուտեք ընդամենը 300 ռուբլով, իսկ լավ հոսթելում/հյուրանոցում համարը կարող եք եւ մեկ գիշերվա համար 600 ռուբլով գտնել: Որպեսզի զգաք երկրի համն ու հոտը, լավագույն դեպքում պետք է ունենալ 3,5-4 օր (այս ժամանակահատվածում կարող եք տեսնել երկրի կեսը), սակայն երկու օրն էլ բավարար է, որպեսզի հասցնեք տեսնել Երեւանը եւ հարակից տեսարժան վայրերը»,– գրում է բլոգերը։
«Տեղի բնակիչները շատ են սիրում զբոսնել։ Ի տարբերություն Ռուսաստանի, հայերը զբոսնում են նույնիսկ եկեղեցիների շուրջը։ Գիդը պատմեց, որ այնտեղ նույնիսկ ժամադրվում են»,– զարմանքով գրում է Գարանինան։
Նյութում հատուկ նշվում է հայկական հյուրընկալության եւ ազգային խոհանոցի մասին։
«Այստեղ հեշտ է չաղ ու բախտավոր դառնալը։ Մեծ բաժիններ, համեղ տնական ուտելիք եւ էժանություն։ Փողոցներում լիքն են թխվածքների վաճառքի կետերը։ Իմ սիրելիները իհարկե պանրով խաչապուրին, ժենգյալով հացն ու գաթան են։

Փորձեք Երեւանում ամեն ինչ, ինչ սրտներդ կուզի. տոլմա, փլավ, չրեր, պանիր, պիցա։ Միայն թե զգույշ. բաժինները շատ մեծ են»,– գրում է բլոգերը։

















































