«Գազային պատերազմ. Հայաստանը գրոհել է «Գազպրոմ»-ը». Gazeta.ru-ի անդրադարձը վառելիքի սակագնի նվազեցման շուրջ ստեղծված իրավիճակին
Ռուսական gazeta.ru կայքն անդրադարձել է գազի գնի հարցով հայ-ռուսական տևական բանակցություններին՝ նշելով, որ հայկական իշխանությունները փորձում են այնպես անել, որ Մոսկվան նվազեցնի վառելիքի գինը: Նշվում է, որ բանակցություններն ընթանում են մի քանի ամիս, բոլոր վերջնաժամկետները վաղուց անցել են, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2019թ. հունվարի 1-ից Ռուսաստանը Հայաստանի համար 15 դոլարով թանկացրել է բնական գազի գինը: Սակայն սպառողների համար գինը մնացել է նախկինը, քանի որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը (100%-ով պատկանում է ռուսական «Գազպրոմ»-ին) ներքին խնայողությունների և կրճատումների հաշվին փակում է տարբերությունը: Սակայն չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարողանա անհրաժեշտ միջոցներ ստեղծել և ի վերջո արդեն այս տարի սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացնի:
«Տեսականորեն սակագինը հնարավոր կլիներ չբարձրացնել, եթե ՀՀ իշխանությունները սուբսիդավորեին ներքին սպառողների համար գազի գինը, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա սկզբին հրաժարվել էր դրանից՝ փաստացիորեն առաջարկելով սակագնի բարձրացումը «զսպել» ռուսական «Գազպրոմ»-ի հաշվին»,-գրում է կայքը:
ՀՀ կառավարությունում gazeta.ru-ի քաջատեղյակ աղբյուրը մանրամասնել է, որ ըստ Փաշինյանի՝ Հայաստանն ու Ռուսաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ և գտնվելով միասնական տնտեսական տարածքում, պետք է հավասար պայմաններ ունենան թե՛ ռուսական, թե՛ հայկական բիզնեսի համար: Մինչդեռ գազի հարցում այդպես չէ:
«Դա բացասաբար է ազդում արտադրանքի ինքնարժեքի վրա և անառողջ մրցակցություն է ստեղծում ԵԱՏՄ-ում»,-ասել է աղբյուրը՝ մանրամասնելով, որ ԵԱՏՄ շրջանակում գները պետք է հավասարեցնել, այլ ոչ թե բարձրացնել:
«Բայց քանի որ Մոսկվան դեռևս որևէ խոստում չի տալիս, համենայն դեպս հրապարակայնորեն այդ մասին որևէ հստակ բան չի ասվել, Հայաստանի իշխանությունները հակագրոհի են անցել: Հունիսին «Գազպրոմ Արմենիա»-ն թույլ տված խախտումների պատճառով տուգանվել էր 10 մլն դրամով»,-գրում է gazeta.ru-ն՝ նկատելով, որ տուգանքի չափը, իհարկե, աննշան է, սակայն դա ազդակ է «Գազպրոմ»-ին և Կրեմլին: Առայժմ հասկանալի չէ՝ ինչպես են զարգանալու ապագա իրադարձությունները:
Աղբյուրը «Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացել է, որ գազի գնի շուրջ բանակցությունները գտնվում են վերջնական փուլում, սակայն, ըստ ամենայնի, որոշման արդյունքները կհայտարարվեն հոկտեմբերից ոչ շուտ: Հենց այդ ժամանակահատվածում էլ նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան: Սակայն փորձագետները գտնում են, որ Ռուսաստանը պատրաստ չէ գազի գնի իջեցման:
«Հայաստանն առանց այդ էլ գազը ստանում է միանգամայն մրցակցային գնով, շուկայականից ավելի ցածր: Ավելի մատչելի գնով գազ է ստանում միայն Բելառուսը: Այնպես որ գինը նվազեցնելու տեղ չկա»,-իր մեկնաբանությունում նշել է Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը:
Օրինակ՝ Վրաստանն ադրբեջանական գազը գնում է 200-215, Թուրքիան՝ 290 դոլարով, Իրանն իր գազը Թուրքիային է վաճառում 300-400 դոլարով:
Ըստ փորձագետների՝ գազի գինը միշտ էլ ունենում է ոչ միայն ֆինանսական բաղկացուցիչ, այլև կապված է լինում մեծ քաղաքականության հետ: Իսկ ՌԴ-ի համար շահեկան է հարևանների նկատմամբ ազդեցության գործիք ունենալը:
Սիմոնովի կարծիքով՝ Փաշինյանը թեև ընկերություն է անում Ռուսաստանի հետ, սակայն պատրաստ չէ բացառապես Կրեմլի կամքով շարժվել:
Մեկ այլ փորձագետ, Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը հավելել է, որ երկու պետությունների միջև լարվածության առաջացման համար առիթները միշտ էլ լինելու են: Օրինակ՝ Մոսկվային դուր չի գալիս ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:
«Ռուսաստանը ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ ազդեցության լծակներ ունի: Եվ դա ոչ միայն գազն է, այլև Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ անվտանգության երաշխիքները»,-ասել է Մակարկինը՝ ենթադրելով, որ այս անգամ Հայաստանը ռուսական գազի հարցում Ռուսաստանից հերթական արտոնությունները ստանալու քիչ շանսեր ունի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է