Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդի տոնը
Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 9-ին նշում է Ծաղկազարդի տոնը:
Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին:
Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը:
Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։
Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում,«Բաց մեզ,Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։
Ծաղկազարդի օրը հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն»
Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչեւ Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ:

















































