Սերժ Սարգսյանի կուսակցությունը վերարտադրվեց նաեւ Շիրակի մարզում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի հրապարակած տվյալների համաձայն՝ թիվ 11 ընտրատարածքում՝ Շիրակի մարզում քվերակությանը մասնակցել է 208500 քաղաքացի:
ԿԸՀ-ի պաշտոնական նախնական արդյունքները Շիրակի մարզում հետեւյալն են՝
Ելք 3748 կամ 3.09 %
Ազատ դեմոկրատներ 780 կամ 0.64 %
ՀՎԿ 13010 կամ 10.74 %
Ծառուկյան դաշինք 37815 կամ 31.22 %
Կոնգրես-ՀԺԿ 1268 կամ 1.05 %
ՀՀԿ 50004 կամ 41.29 %
ՀԿԿ 609 կամ 0.50 %
ՕՐՕ դաշինք 2470 կամ 2.04 %
ՀՅԴ 11410 կամ 9.42%
Նախնական եւ հավանաբար վերջնական արդյունքներով հաղթեց կառավարող Հանրապետական կուսակցությունը: Ռեժիմը վերարտադրվեց, քանի որ կիրառվեցին ընտրակեղծարարության մի շարք տարբերակներ: Թաղային խուժանների մասնակցությունից մինչեւ վարչական ռեսուրսի կիրառում:
Գյումրիի մի շարք տեղամասերում կուտակումներ են եղել եւ բազմաթիվ ահազանգեր՝ տեղամասերից դուրս տիրող անհանգիստ վիճակի վերաբերյալ:
Ցուցակներով շրջող քաղաքացիները ուղղորդել են մարդկանց՝ ում օգտին քվեարկել: Միկրոավտոբուսներով, մեքենաներով մարդկանց տեղափոխել են, իսկ տեղամասերի ներսում արդեն քաղաքացիների հետ աշխատելու դժվարություն է նկատվել:
Փոփոխված կարգի համաձայն՝ համապատասխան սարքի վրա մատնահետք պետք է թողնեին, հետո ստանալու էին 9 քվեաթերթիկ, որոնցից ընտրելու էին 1-ը: Այս ընթացքը դանդաղեցրել է քվեարկության պրոցեսը, ինչը հանգեցրել է կուտակումների, աղմուկի եւ ներսում խառնաշփոթ իրավիճակի:
Մի շարք տեղամասերում արձանագրեցինք նաեւ, թե ինչպես են տարեց քաղաքացիների հետ միասին քվեարկում նրանցից ավելի երիտասարդները: Սա արգելել չեն կարող, եթե քաղաքացին ասում է, որ դժվարանում է ընտրություն կատարել եւ իրեն օգնություն է հարկավոր:
Նշենք, որ բոլոր խախտումների հետեւում կանգնած էր ՀՀԿ-ի որեւէ մի թեկնածու: Դիտորդական կազմակերպություններից մեկի հրապարակած տվյալների համաձայն՝ Գյումրու մի քանի թաղամասերում ՀՀԿ-ակաների համակիրները քվեաթերթիկներ են բաժանել, որտեղ նշված է եղել թեկնածուի անունը: Սերժ Սարգսյանի կուսակցությունը եւս մեկ անգամ պարտվեց՝ կեղծելով ընտրության արդյունքները:
Դավիթ Գասպարյան
Գյումրի

















































