Հացի սուր պակաս Թուրքմենստանում. հացի հերթի ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով տարեց մարդ է մահացել
Թուրքմենստանի Բայրամալի քաղաքում հացի հերթի ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով 65-70 տարեկան տղամարդ է մահացել, գրում է hronikatm.com-ը:
Խանութի առաջ հրմշտոցը սկսվել է ժամը 15-16-ի սահմաններում, երբ բերվել է հացը: Չհետևելով հերթին՝ մարդիկ սկսել են պաշարել խանութը, ինչն էլ ողբերգության պատճառ է դարձել:
Թուրքմենստանի մարզերում շարունակվում է պետական խանութներում հացի սուր պակասը: Չիմանալով թարմ հացը խանութ բերելու հստակ ժամերը՝ մարդիկ ստիպված են ժամերով հերթ կանգնել խանութների դիմաց: Չսպասելով իրենց հերթին՝ մարդիկ ներխուժում են խանութներ: Հաճախ վեճեր ու կռիվներ են ծագում:
Հացի պակաս կա նաև մայրաքաղաքում:
Նշենք, որ հաց ու արտասահմանից բերված ալյուր անսահմանափակ քանակով և առանց հերթերի վաճառվում է նաև մասնավոր խանութներում, սակայն մի քանի անգամ ավելի թանկ: Երկրում գործազրկության պատճառով ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ «թանկ» հաց գնել:

















































