40 հազար մանեթով տուն կպահե՞ն. տարեց շիրակցին բողոքեց Կարեն Կարապետյանին
Շիրակի մարզում մարտի 21-ին Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ թոշակառուները վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցին՝ ինչպես ապրել 40 հազար դրամ թոշակով:
«40 տարի աշխատել եմ, էսօր 40 հազար մանեթ փող եմ ստանում, 40 հազար մանեթով տուն կպահե՞ն»,- ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանին դիմեց տարեց Ժորա Մոսինյանը:
Վարչապետը համաձայնվեց՝ թոշակառուները ստանում են ոչ վայել ու ոչ արժանի թոշակ. «Սա այն է, ինչի մասին մենք խոսում ենք, ի՞նչ պիտի անենք, երկիրը պիտի զարգացնենք, որ դուք վաղը կարողանաք 140 հազար ստանաք, 240 հազար ստանաք: Պիտի օր ու գիշեր աշխատենք, որ կարողանանք քեզ արժանի թոշակ տալ Ժորա Մոսինյան ջան»:
Թոշակների հարցով վարչապետին դիմեց նաեւ Ժորա Մոսինյանի կողքին նստած մի տատիկ: Նա դժգոհեց, որ թոշակն այնքան ցածր է, որ նույնիսկ կոմունալ ծախսերին չի բավականացնում: Կարեն Կարապետյանը կատակեց. «Ժորա պապին հարցրու, նրան արդեն պատասխանել եմ: Ես ձեւը գիտեմ, այդ հարցի պատասխանն էլ ունեմ, տնտեսությունը պիտի զարգացնենք»:
Նշենք, որ Կարեն Կարապետյանը մարտի 21-ին հանդիպել է Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչների հետ, ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավն իրականացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը, թեեւ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չէ:

















































