Ինչո՞ւ են կրճատել մանկավարժների հավելավճարները
««ՉԻ» խմբագրությունը մայրաքաղաքի դպրոցներից ահազանգեր է ստանում այն մասին, որ Երևանի քաղաքապետարանից հրահանգված է դադարեցնել դասվարներին տրվող հավելավճարները և պարգևավճարները։ Չեն վճարվելու նաև տնօրենները, նշում Էին ահազանգող մանկավարժները և հավելում, որ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, որը քաղաքապետարանի ֆինանսական պատասխանատուն է, հրահանգում է դպրոցների կոլեկտիվներին ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար։
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը երեկ «ՉԻ» լրագրողի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր կողմից ՀՀԿ-ին ընտրելու հրահանգ չի եղել։
Պարգևավճարների ու հավելավճարների կրճատման մասին մեր հարցին ի պատասխան Նիկոյանն ասաց. «Մայրաքաղաքի 160 դպրոցներից հինգը երեխաների թվի հետ կապված հայտնվել են ֆինանսական վատ վիճակում։ Խոսքը վերաբերում է ընդամենը թվով հինգ դպրոցի, որտեղ հանվել են պարգևավճարները և հավելավճարները: Տվյալ դպրոցները նախահաշիվ են ներկայացրել, որում հիմնավորված է, որ կա գումարի դեֆիցիտ, իսկ դեֆիցիտի պայմաններում ի՞նչ հավելավճարի կամ պարգևավճարի մասին կարելի է խոսել։ Մենք վարվել ենք օրենքի տառին համապատասխան և օրենքով էլ նվազեցրել ենք դիֆիցիտ ունեցող դպրոցների տնօրենների և դասվարների պարգևավճարներն ու հավելավճարները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

















































