Ձայներ գնելու համար հայտարարություն էին տվել
ArmLur.am-ը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժինը ընթացք է տվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցված հայտարարություններին «Գնում եմ ձայներ 10 հազար դրամով»: Օրերս Երեւան քաղաքի Ամիրյան 2 հասցեից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել երկու քաղաքացիներ: Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանները փողոցում քայլելիս նկատել են Ամիրյան 2 հասցեի հարեւանությամբ առկա գովազդային վահանակի մոտ հավաքված մի շարք քաղաքացիների, որոնք քննարկել են փակցված հայտարարությունը: Իրավապահները մոտեցել են եւ նկատել երկու անձանց, որոնք փակցնելիս են եղել հայտարարությունը՝ «Գնում եմ ձայներ 10 հազար դրամով», 010 543-523 հեռախոսահամարով: ArmLur.am-ը զանգահարել էր նշված հեռախոսահամարով՝ հասկանալու համար, թե ով է ձայներ գնող անձը, եւ պարզվել էր, որ նշված հեռախոսահամարը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովինն է: Մեր հրապարակումից հետո կատակ անողներին բերման ենթարկեցին ոստիկանության կենտրոնական բաժին:
Մանրամասները՝ armlur.am-ում

















































