«Դեդը» հացադուլ չի հայտարարել. ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը՝ «Դեդը», հացադուլ չի հայտարարել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ անդրադառնալով Հակոբյանի դստեր հայտարարությանը, https://news.am/arm/news/378710.html թե մարտի 12-ից նա հացադուլ է հայտարարել:
«Մարտիրոս Հակոբյանը հացադուլ չի հայտարարել»,– ասաց նա։
Նշենք, որ Հակոբյանի դուստրը՝ Զարուհի Հակոբյանը, մեզ հետ զրույցում հայտնել էր, որ հայրը հացադուլ է հայտարարել, քանի որ օրեր առաջ նրան պատժախուց են տեղափոխել այն բանի համար, որ բողոքել է իր խցակցից:
«Այդ մարդը խանգարել է նրանց, ձայներ է հանել, չի թողել, որ գիշերը քնեն: Իմ հայրն էլ բարձրաձայնել է իր իրավունքների մասին, պահանջել նրան տանել ուրիշ խուց, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները նրան են տեղափոխել պատժախուց` կարգը խախտելու համար»,– ասել է նա։
Մարտիրոս Հակոբյանին` «Դեդին», մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։

















































