Մենք որոշել ենք ձեր հետ միասին լինել. Սեյրան Օհանյան
«Ես լավ եմ աշխատել, լավ եմ ծառայել իմ բանակին, ոչ ոք չի կարող ասել, որ վատ եմ պաշտոնավարել: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ դաշինքի ղեկավարներին պաշտոն պետք չէ, նրանք ցանկանում են երկրում փոխել իրավիճակը եւ 365 օր ամեն օր ժողովուրդը նկատելու է բարեփոխումները:
Եղեգնաձորցիները հարցեր չուղղեցին թեկնածուներին եւ դաշինքի ղեկավարներն ու համակիրները ուղեւորվեցին Վայք:
Սեյրան Օհանյանը նշեց, որ զարգանալու փոխարեն, Հայաստանը «մեկ քայլ առաջ երկու քայլ հետ» սկզբունքով է շարժվում:
«Ես չեմ ուզում ասել, թե մենք սխալներ չենք ունեցել մեր աշխատանքում: Բայց մեր թիմի անդամները որոշակի հաջողությունների հասել են: Ես ղեկավարել եմ հայկական բանակը երկար տարիներ: Չգիտեմ, ես լավ եմ ծառայել, թե լավ չեմ ծառայել, բայց բանակն իր դիրքում է: Մեր դիրքերն ամուր են: Մենք չենք որոշել կողքից նայելու այս ընտրություններին: Մենք որոշել ենք ձեր հետ միասին լինել: Ինձ շատերը հարցնում են՝ քեզ պե՞տք է դա… Բայց մենք որոշել ենք ժողովրդի կողքին լինել, ինչ իրավիճակում էլ որ լինի ժողովուրդը»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ ընտրություններիր միջոցով հնարավոր է փոխել իշխանությունները. «Քվեները հիմա վաճառում են, եւ մենք հորդորում ենք՝ ձեր երեխաների ապագան մի վաճառեք: Մենք ոչ թե միայն խոսք ենք տալիս ինչպես լինում է հիմնականում՝ 5 տարին մեկ, այլ մենք ձեր աչքերին նայելով ժամանակ առ ժամանակ ասելու ենք, թե ինչ ենք արել եւ անում»:
Սեյրան Օհանյանը խոստացավ, որ իրենց հաղթելու դեպքում բանակի պայմանագրային ծառայողների աշխատավարձերը 140 հազարից բարձրացնելու են 240 հազարի. «Սպաներինը բարձրանում է 480 հազար դրամ: Պահեստազորի սպաների բնակարանային պայմանները արագ լուծվելու են: Եվ հաշմանդամների, եւ նրանց ընտանիքների խնդիրները լուծվելու են՝ իսկ այս ամենի համար անհրաժեշտ է 18 մլն դրամ: Խոստանում եմ բոլոր այս հարցերը լուծել»,- ասաց Սեյրան Օհանյանը:

















































