Իրանում ուզում են գնել հայկական բնական հյութերը, բայց մաքսատուրքը շատ բարձր է
Իրանում ուզում են հայկական բնական հյութեր եւ պահածոներ գնել, բայց ներկրման բարձր տուրքերի պատճառով գործը դժվարանում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի պահածոյագործների եւ հյութարտադրողների միության տնօրեն Երվանդ Թարվերդյանը:
Ըստ նրա՝ հարեւան Իրանում, ցավոք, դիաբետով հիվանդացածության մակարդակը շատ բարձր է: Իսկ դա նշանակում է, որ այնտեղ մեծ է առանց շաքարի հավելումների բնական հյութերի պահանջը:
Նշենք, որ Դիաբետի միջազգային ֆեդերացիայի (IDF) տվյալներով՝ Իրանում այս հիվանդությամբ տառապում է մեծահասակների 8.5%-ը:
«Սպառողների շրջանում, այդ թվում՝ հայ համայնքի, հետաքրքրությունը մեծ է: Թեհրանի խանութներում ես հայկական հյութեր եւ պահածոներ տեսել եմ: Նշանակում է՝ պահանջարկ իսկապես կա»,- նշեց նա:
Քանի որ «Հալալ» ստանդարտով սերտիֆիկացում արդեն կարելի է անցնել նաեւ Երեւանում, դա ժամանակ եւ ջանք կխնայի ոչ միայն Իրան, այլեւ Էմիրություններ, Քուվեյթ եւ Իրաք արտահանման համար (այս երկրներ հայկական հյութեր, ջեմեր եւ մուրաբաներ արդեն արտահանում են):
«Բայց եթե խոսենք Իրանի մասին, ապա իսկապես լավ շուկա է, բայց մաքսատուրքի հարցն առկա է: Այդ պատճառով մենք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին խնդրել ենք այդ թեմայով քննարկում կազմակերպել»,- հայտարարեց Թարվերդյանը:

















































