«Հաց բերող» Արթուր Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից, նա բուժումը կշարունակի տանը
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող՝ «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանը ինքնակամ լքել է «Արմենիա» բժշկական կենտրոնը և բժշկական ցուցումներով բուժումը կշարունակի տանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի պաշտպաններից Տիգրան Եգորյանը:
«Արթուր Սարգսյանը «Արմենիա» ԲԿ-ում անհրաժեշտ նախնական բուժում է ստացել, սրացումները հաղթահարվել են, ստամոքսի և կերակրափողի բուժման հետ կապված դեղորայքային բուժումը ստացել է, որն անհրաժեշտ էր, որ ստանար հիվանդանոցում և տեղափոխվել է տուն»,-ասաց Եգորյանը:
Փաստաբանի խոսքով՝ Արթուր Սարգսյանը հիվանդանոցից տուն է տեղափոխվել համապատասխան դեղորայքային նշանակումներով և հատուկ սննդակարգով՝ նա դեռ կշարունակի բուժումը տնային պայմաններում, մինչ հնարավոր լինի տարբերակներ գտնել հետագա բուժումը շարունակելու համար։
«Նա կալանավայրում հիվանդություն է ձեռք բերել, հոդացավեր և այլն: Արթուր Սարգսյանը պետք է կարողանա քայլել այնպես, ինչպես նախքան կալանավորվելը: Նրա քայլելու ունակությունը չի վերականգնվել, իսկ դա այլ բուժում է ենթադրում»,-ասաց նա։
Նշենք, որ մարտի 6-ին Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից։ Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել է անձնական երաշխավորություն կիրառելու միջոցով։

















































