ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերն այցելում են Ոստիկանության բաժիններ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի եւ երթի մասնակիցների բերման ենթարկելու մասին։ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Նոր Նորքի, Էրեբունու, Կենտրոնականի, Մաշտոցի եւ Շենգավիթի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին։
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները գիշերվա ընթացքում ոստիկանության Կենտրոնականի բաժնում են գտնվել Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկներում երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Նշենք, որ Երեւանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, եւ թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:

















































