Ինչու են էքստրեմալ զբոսաշրջության սիրահարներն ընտրում Հայաստանը. Мир 24-ի անդրադարձը (տեսանյութ)
Միջպետական ռուսալեզու Мир 24 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել հայաստանյան զբոսաշրջության մասին ու փորձել պարզել, թե ինչն է գրավում էքստրեմալ զբոսաշրջության սիրահարներին Հայաստանում:
«Ռուսների համար դա առաջին հերթին ուղիղ չվերթների ու ցածր գների հնարավորությունն է: Ցածր գներ ու տվյալ երկրի յուրօրինակ բնական ռեսուրսներ: Հայաստանում կարելի է տեսնել և՛ լեռներ, և՛ գետեր: Օրինակ՝ էքստրեմալ զբոսաշրջության սիրահարներն Ավստրիայից ինձ պատմեցին, որ Հայաստանում իրենց ամենից առաջ գրավել են ոչ ստանդարտ լանդշաֆտները»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է հայաստանյան զբոսաշրջային ընկերություններից մեկի տնօրեն Լարիսա Մկոյանը:
Նա նաև նշել է, որ 2017 թվականին մոտ 10-15 տոկոսով աճել է էքստրեմալ զբոսաշրջության սիրահարների հոսքը երկիր, բացի այդ՝ նրանց համար արդեն ստեղծվել է Արկածային զբոսաշրջության հատուկ ասոցիացիա, որը զբոսաշրջիկների անվտանգության ու ապահովագրության հարցերով համագործակցում է եվրոպացի փորձագետների հետ:
Ըստ Մկոյանի՝ էքստրիմի սիրահար զբոսաշրջիկները պետք է Հայաստան գան չնաշխարհիկ բնապատկերների, յուրօրինակ հյուրընկալության ու արևային եղանակի համար:

















































