Լոռու որոշ համայնքներում մանկապարտեզների վարձավճարները կրկնակի թանկացել են
Լոռու մարզի խոշորացված Ալավերդի համայնքի կազմի մեջ մտնող Աքորի եւ Հաղպատ գյուղերի մանկապարտեզների վարձավճարները կրկնակի թանկացել են: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախկին 2500 դրամի փոխարեն ծնողները մարտից վճարում են 5000 դրամ:
Աքորի մանկապարտեզի տնօրեն Ռոզետտա Սիմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վարձավճարների թանկացումը սկզբում դժգոհություններ է առաջացրել, սակայն հիմա ծնողները արդեն իսկ մեծ դժվարությամբ կարողանում են վճարումները կատարել: Տնօրենի խոսքով՝ Աքորիի մանկապարտեզի վարձը թանկացել ու հավասարեցվել է Ալավերդի քաղաքի մանկապարտեզների վարձավճարների չափերին:
Նշենք, որ գյուղի մանկապարտեզ է հաճախում 61 երեխա, նրանցից միայն զույգ եղբայրներ են դադարել հաճախել մանկապարտեզ՝ վարձավճարը մուծել չկարողանալու պատճառով:

















































