Նա կողմ է, որ քուչի տղերքը պատգամավոր դառնան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը դեմ չէ, որ պատգամավորի մանդատ ստանան նաեւ «թաղի տղաները»։ Այս մասին նա ասել է NEWS.am–ի հետ զրույցում. «Ես շատ հարգում եմ թաղի տղերքին, որոնք մանկությունից առանց մամայի, առանց պապայի, հենց մանկապարտեզից ձեւավորվում են։ Երեխեքի մեջներից մեկը ձեւավորվում է թաղի տղա, Աստված իրեն լավ մարդ է սարքում եւ կամաց–կամաց ինքը լավ անուն է կրում, որ ասում են՝ լավ տղա, եթե լավ տղա է, ղուրբան լավ տղուն»,–ասել է Վարդան Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ դեմ է տարածքային ցուցակներով ընտրական համակարգին, քանի որ այդ համակարգի պատճառով քաղաքացին ձայնը տալիս է «քուչի տղային, քաղաքապետին, մարզպետին եւ ոչ թե կուսակցությանը»։ Վարդան Ղուկասյանը ասել է, որ Երեւանում ասում են «քուչի տղա», իսկ Գյումրիում՝ «թաղի տղա»։ Ըստ նրա՝ լրագրողները ճիշտ չեն հասկացել Ծառուկյանին, «թաղի տղան» արժանի է պատգամավորի մանդատին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































