Ժամանակն է ճանապարհ զիջել նոր տաղանդներին
Լիոնել Մեսսին իր հարուստ նվաճումների ցանկն այսօր համալրեց ևս մեկով, որը, սակայն, ֆուտբոլային տիտղոս չէ։ Արգենտինայի ազգային հավաքականի ավագն արժանացել է Բուենոս Այրեսի համալսարանի (UBA) Honoris Causa պատվավոր դոկտորի կոչմանը։
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայացել է Էսեյսայում գտնվող Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի մարզաբազայում՝ ազգային հավաքականի կազմում Մեսսիի հրաժեշտի հանդիպումից ժամեր առաջ։ Չորեքշաբթի գիշերը արգենտինացիները լեփ-լեցուն Մոնումենտալ մարզադաշտում ընկերական խաղ կանցկացնեն Բենինի ընտրանու հետ։
39-ամյա ֆուտբոլիստին դիպլոմն ու մեդալը հանձնել են համալսարանի ռեկտոր Ռիկարդո Խելպին և պրոռեկտոր Էմիլիանո Յակոբիտին։ Արարողությանը ներկա են եղել նաև ֆակուլտետների դեկանները, համալսարանական խորհրդի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՖԱ-ի նախագահ Կլաուդիո Չիկի Տապիան։ «Երբեք չէի պատկերացնում, որ նման բան կունենամ։ Սա մի բան է, որը կարծես թե կապ չունի, կամ գուցե ունի՝ ֆուտբոլի և սպորտում իմ արածի հետ: Նման ճանաչման արժանանալն ինձ համար մեծ հպարտություն է, հպարտ եմ, որ կարող եմ ինձ պատվավոր դոկտոր կոչել»,- իր ելույթում նշել է Մեսսին՝ ժպիտ պարգևելով ներկաներին:
Անդրադառնալով հավաքականում իր վերջին խաղին՝ Մեսսին խոստովանել է, որ հուզմունք կա. «Ես հանգիստ եմ, բայց որքան մոտենում է հանդիպման պահը, այնքան ամեն ինչ մի փոքր բարդանում է: Այնպես որ, օրն այսպիսի ճանաչումով սկսելն այս խաղն ավելի յուրահատուկ է դարձնում»։
Համալսարանի ռեկտոր Ռիկարդո Խելպին ընդգծել է, որ ի լրումն մարզական անհավանական նվաճումների՝ արգենտինացի աստղը երբեք չի կտրել կապն իր արմատների հետ։ Նա հիշեցրել է, որ 2007 թվականին ֆուտբոլիստը հիմնել է «Լեո Մեսսի» հիմնադրամը՝ խոցելի իրավիճակում գտնվող երեխաների առողջապահության, կրթության և սպորտի հասանելիությունը խթանելու նպատակով, իսկ 2010 թվականից ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է։
Պատվավոր կոչում շնորհելու որոշումը համալսարանի Բարձրագույն խորհրդի կողմից անցած շաբաթ ընդունվել էր միաձայն։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Մեսսիի կարիերան գերազանցության, համառության, համեստության և էթիկայի օրինակ է:
Պրոռեկտոր Յակոբիտին եզրափակել է արարողությունը պատմական խոսքերով. «Լիոնելի կյանքը տաղանդի, ջանքերի և ինքնակատարելագործման պատմություն է։ Նաև՝ համեստության, համերաշխության և նվիրվածության: Բարի գալուստ պետական համալսարան, բարի գալուստ UBA, դոկտո՛ր Լիոնել Անդրես Մեսսի»։
Օգոստոսի վերջին արգենտինացի ավագը հայտարարել էր «Ալբիսելեստեի» կազմում իր միջազգային կարիերայի ավարտի մասին՝ նշելով, որ «այլևս տալու ոչինչ չունի», և ժամանակն է ճանապարհ զիջել նոր տաղանդներին։ Բենինի դեմ հանդիպումը վերջին հնարավորությունն է երկրպագուների համար՝ արժանին մատուցելու այն հանճարին, ով ավելի քան երկու տասնամյակ որոշում էր ամբողջ ազգի ֆուտբոլային զարկերակը:
armsport.am


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ