Կարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից է
Սեպտեմբերի 28-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվել է Անվտանգ աբորտների միջազգային օրվան նվիրված «Վերարտադրողական առողջություն․ իրավունք և էթիկա» խորագրով հանդիպում-քննարկումը։ Միջոցառումը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել վերարտադրողական առողջության իրավունքի երաշխավորմանը, այդ ոլորտում առկա մարտահրավերներին, ինչպես նաև բժշկական էթիկայի և մարդու իրավունքների փոխկապվածությանը։
Առանձին ուշադրություն է դարձվել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, դրա կանխարգելման անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանությանն ու հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարմանը։
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային նվիրված` «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը։
Այնուհետև տեղի է ունեցել «Վերարտադրողական առողջություն․ իրավունք և էթիկա» խորագրով պանելային քննարկում, որը վարել է Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը։
Քննարկմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը, «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը:
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ վերարտադրողական առողջության ոլորտում կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ոչ միայն համապատասխան իրավական երաշխիքների առկայություն, այլև հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերի հաղթահարում և այնպիսի միջավայրի ձևավորում, որտեղ յուրաքանչյուր կին կարող է իրացնել իր իրավունքները՝ զերծ խտրականությունից և իրավունքներին անհարկի միջամտությունից։
Պաշտպանը նշել է, որ վերարտադրողական առողջության իրավունքին առնչվող կարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից է:
Քննարկմանը մասնակցել են նաև բժշկական համալսարանի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ և փորձագետներ։
Միջոցառումը հնարավորություն է տվել մասնագիտական քննարկման ձևաչափով անդրադառնալու վերարտադրողական առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, էթիկական մոտեցումների և առկա խնդիրների լուծմանն ուղղված համագործակցության հարցերին։
Քննարկումը կարող է հիմք հանդիսանալ տարբեր ոլորտների մասնագետների միջև հետագա համագործակցության ամրապնդման, ինչպես նաև վերարտադրողական առողջության իրավունքի վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո