Մասնավորապես, ԲԴԽ-ն հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր՝ ընդդեմ նույն դատարանի նախկին դատավոր Արթուր Ստեփանյանի՝ 1.048.725 դրամ բռնագանձելու պահանջով։ Այդ գումարի 518․619 դրամն ավել վճարված հիմնական արձակուրդային գումարն է, 530․106 դրամը՝ ավել վճարված լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը։ Միևնույն ժամանակ, Խորհուրդը պահանջում է բռնագանձել Ստեփանյանից նաև դատական ծախսերը։

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին։ Արթուր Ստեփանյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2024թ․ հուլիսի 9-ին Արթուր Ստեփանյանը դիմել էր ՍԴ, որն իր որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այն դրույթը, ըստ որի՝ ԲԴԽ-ի հինգ անդամների ձայները բավարար էին դատավորի լիազորությունները դադարեցնելու համար։

Փաստացի, ՍԴ-ն արձանագրել էր այն, ինչը բազմիցս բարձրաձայնել էր մասնագիտական հանրությունը։ Հակասահմանադրական ճանաչված նորմի հեղինակը Կարեն Անդրեասյանն է. նրա պաշտոնավարման ընթացքում էլ իրականացվել էին օրենսդրական այն փոփոխությունները, որոնց արդյունքում դատավորի լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ էր ոչ թե 7, այլ 5 կողմ ձայն։ Արդյունքում՝ ՍԴ որոշման հիման վրա ԲԴԽ-ում գործը վերաբացվել է, ընդ որում, թեև ԲԴԽ-ն վերացրել էր նախորդ որոշումը, սակայն դատավորի լիազորությունները չի վերականգնվել՝ մինչև գործի քննության ավարտը, իսկ քննության արդյունքում էլ Ստեփանյանի խախտված իրավունքներն այդպես էլ չի վերականգնվել, ԲԴԽ-ն 2025թ․ նոյեմբերի 11-ին կրկին բավարարել է ԱՆ միջնորդությունը և դադարեցրել լիազորությունները։

Արթուր Ստեփանյանը, սակայն, միակ դատավորը չէ, ումից ԲԴԽ-ն պահանջում է բռնագանձել արձակուրդայինի գումարը։

Մյուս հայցադիմումը ներկայացվել է Երևանի քաղաքացիական դատարանի նախկին նախագահ Ավագ Գաբրիելյանի դեմ, ում լիազորությունները դադարեցվել են սեփական դիմումի համաձայն՝ 2025թ․ փետրվարի 10-ին՝ ԲԴԽ որոշմամբ։ Այժմ ԲԴԽ-ն պահանջում է դատավորից հօգուտ Դատական դեպարտամենտի՝ բռնագանձել 1.216.835 ՀՀ դրամ, որից՝ 72.766 ՀՀ դրամ՝ որպես ավել վճարված հիմնական արձակուրդային գումար, և 1.144.069 ՀՀ դրամ՝ որպես ավել վճարված լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար։ Այս հայցը մակագրվել է դատավոր Արտուշ Ավագյանին։

Երրորդ հայցադիմումը ներկայացվել է Արմինե Սաֆարյանի դեմ, ում լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր 2025թ․ նոյեմբերի 10-ին՝ կրկին սեփական դիմումի հիման վրա։ Ընդ որում, դատավորի վերաբերյալ այդ փուլում քննվում էր կարգապահական վարույթ, ինչից զատ նա ուներ նաև կարգապահական տույժ և չէր բացառվում, որ կդադարեցվեր նրա լիազորությունները։

Այժմ ԲԴԽ-ն պահանջում է հօգուտ Դատական դեպարտամենտի՝ Սաֆարյանից բռնագանձել 402.213 ՀՀ դրամ՝ որպես ավել վճարված լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար։ Այս հայցը մակագրվել է դատավոր Դավիթ Օհանյանին։