«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ 2025 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանում արձանագրվել էր ջրծաղիկի 10 210 դեպք, մինչդեռ 2026 թվականին նույն ժամանակահատվածում՝ 4550 դեպք։
Նվազման միտումը նկատվում է նաև Երևանում։ Եթե 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին մայրաքաղաքում գրանցվել էր 5424 դեպք, ապա 2026 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2039, ինչը շուրջ 2.7 անգամ պակաս է։
Մասնագետի խոսքով՝ հիվանդացության նվազումը պայմանավորված է ինչպես ջրծաղիկի պարբերական բնույթով, այնպես էլ հիվանդության դեմ պատվաստումների ներդրմամբ, որը Հայաստանում մեկնարկել է 2025 թվականի հունվարից։
Համաճարակաբանական տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցված 4550 դեպքերից 4130-ը կամ 90.8 տոկոսը բաժին է ընկել 0-18 տարեկան երեխաներին, իսկ 420 դեպք կամ 9.2 տոկոսը՝ 18 տարեկանից բարձր անձանց։ Առավել մեծ մասնաբաժին ունեն 3-6 և 7-17 տարեկան երեխաները, ինչի հետևանքով դեպքեր հաճախ արձանագրվում են մանկապարտեզներում և դպրոցներում։
Վարակի տարածումը կանխելու նպատակով կազմակերպված կոլեկտիվներում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ՝ կոնտակտավորների ամենօրյա բժշկական հսկողություն, նոր դեպքերի վաղ հայտնաբերում և մեկուսացում, ինչպես նաև օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելմանն ուղղված այլ գործողություններ։
Մասնագետները նշում են, որ հիվանդացության ռիսկն առավել բարձր է քաղաքային բնակչության շրջանում՝ պայմանավորված բնակչության խտությամբ և ակտիվ սոցիալական շփումներով։ Այդ առումով Երևանը շարունակում է մնալ առավել խոցելի բնակավայրերից մեկը։
Բազմամյա դիտարկումները նաև ցույց են տալիս, որ ջրծաղիկն ունի արտահայտված սեզոնայնություն․ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները սովորաբար արձանագրվում են նոյեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում, իսկ ամռան ամիսներին նկատվում է նվազման միտում։ Այս հանգամանքը հիմք է տալիս կանխատեսելու, որ առաջիկա ամիսներին հիվանդացության ցուցանիշները կշարունակեն նվազել։
Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումներին՝ Սվետլանա Գրիգորյանը կարևորել է պատվաստումների դերը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստումները նախատեսված են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի այն անձանց համար, որոնք նախկինում չեն հիվանդացել ջրծաղիկով։ Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով՝ առնվազն չորս շաբաթ ընդմիջումով։
Պատվաստումները հասանելի են առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններում՝ պոլիկլինիկաներում, առողջության կենտրոններում և ամբուլատորիաներում։ Նախատեսվում է, որ 2027 թվականից պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի նաև ջրծաղիկի դեմ երկրորդ դեղաչափը՝ 4-6 տարեկան երեխաների համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը