Շտապօգնության բժիշկը հիվանդին պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերել
Արագածոտնի մարզում շտապօգնության բժիշկը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ հիվանդին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու համար: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրանքի, «Ապարան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես շտապօգնության բժիշկ աշխատող Ա.Ռ.-ն մարտի 12-ին կանչով մեկնել է Ապարան քաղաքի բնակիչ Ներսիկ Ղազարյանի բնակարան, սակայն, բժիշկը կանչի ժամանակ ոչ պատշաճ և անբարեխիղճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները, ինչի հետևանքով Ներսիկ Ղազարյանը, գիտակցության չգալով, մարտի 13-ին բժշկական կենտրոնում մահացել է:
Ա.Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

















































