Մի քանի տասնյակ երիտասարդներ դիմումներ են ներկայացրել՝ «Ես եմ» ծրագրի մեջ ընդգրկվելու համար. Վիգեն Սարգսյան
Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ՊՆ կողմից նշված վայրում եւ պայմաններում զինծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Նա տեղեկացրեց, որ նախագիծը կապահովի զինվորական ծառայության ու ծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով ամրագրված «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը: Մասնավորապես, սահմանվում են ՊՆ կողմից նշված վայրում եւ պայմաններում զինծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների զորակոչի կազմակերպման, պայմանագրի կնքման հետ կապված հարաբերությունները, զինծառայողների դրամական ապահովության չափերը:
Նախարարի խոսքով, արդեն ձմեռային զորակոչի ժամանակ, ինչպես պլանավորվել էր, ներդրվել է «Ես եմ» ծրագրի կիրառումը: Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ այս պահին մի քանի տասնյակ քաղաքացիներ ներկայացրել են դիմումներ. «Վստահ եմ, որ այս որոշումն ընդունելուց հետո, որովհետեւ շատերը հարցնում են, թե որտեղ է ֆիքսված գումարը, որ պետք է ստանան, պայմանները, որոնցով պայմանագիրը կարող է չեղյալ ճանաչվել, զինկոմիսարիատների աշխատանքի շնորհիվ այս թիվը կաճի»:
Պաշտպանության նախարարը կարծիք հայտնեց, որ 100 զինծառայողի ներգրավումը այս ծրագրին արդեն լավ արդյունք կլինի:

















































