Ինչու ընտրությունների հետ կապված աղմկահարույց ձայնագրություններով ոչ ոք չպատժվեց
Երբ որ մենք հայտարարում ենք, որ կոռուպցիայի նկատմամբ լինելու է անհանդուրժողականություն, դա նշանակում է, որ յուրաքանչյուր փաստ լինելու է քննության առարկա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Իսկ թե քննության արդյունքներով պատասխանատվության ենթարկելու ինչ հիմքեր կհայտնաբերվեն, այստեղ մենք գտնվում ենք իրավական ոչ պակաս կարեւոր հարթության մեջ, որը եւս պարտավոր ենք ապահովել»,-ընդգծեց Արթուր Դավթյանը ` անդրադառնալով նախընտրական շրջանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերին՝ «Զիբիլիքիսին», դպրոցների տնօրենների եւ «ՍԱՍ գրոպում» տեղի ունեցած ձայնագրություններին:
Հարցին, թե ինչու այդ գործերով այդպես էլ ոչ ոք պատասխանատվոււթյան չենթարկվեց, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ձեր կողմից թվարկված նշված գործերում որեւէ մեկի արարաքում հյանցակազմի հատկանիշներ չեն հիմնավորվել: Եթե գործը դատարան չի գնացել, անձին դատի չեն տվել, ուրեմն նշանակում է հանցակազմ չի եղել»:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակվել էին տասնյակ դպրոցների տնօրենների հետ ձայնագրություններ, որոնք ցուցակագրում էին մարդկանց՝ հօգուտ ՀՀԿ-ի: Բացի այդ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչները ՀՀԿ շտաբի մոտ գտնվող աղբամանում գտել էին թղթեր, որոնք փաստում էին, թե ինչպես է ոստիկանությունն օժանդակում ՀՀԿ-ի ընտրության հարցում:
Նաեւ հրապարակվել էր «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում էր ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































