BBC-ն ներողություն է խնդրել Թրամփից հաղորդման մոնտաժման համար, սակայն հրաժարվում է փոխհատուցում վճարել
Բրիտանական BBC հեռարձակման կորպորացիան ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից 2024 թ. հոկտեմբերին հեռարձակված Panorama հաղորդման մոնտաժման հետ կապված սկանդալից հետո, սակայն հրաժարվել է փոխհատուցում վճարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ընկերությունը հայտարարել է, որ հաղորդման մոնտաժումը «սխալ տպավորություն է ստեղծել, թե նախագահ Թրամփը բռնի գործողությունների ուղղակի կոչ է արել»։ BBC-ն նաև հայտարարել է, որ տվյալ հաղորդումն այլևս չի ցուցադրվի։ Թրամփի փաստաբանները սպառնացել են 1 միլիարդ դոլարի հայց ներկայացնել BBC-ի դեմ, եթե կորպորացիան հերքում չհրապարակի, ներողություն չխնդրի և փոխհատուցում չտրամադրի ԱՄՆ նախագահին։
BBC-ն հայտարարել է, որ Panorama ծրագիրը վերանայվել է Թրամփի ելույթի մոնտաժման վերաբերյալ քննադատությունից հետո։ «Մենք ընդունում ենք, որ մեր խմբագրումն ակամա ստեղծել է այն տպավորությունը, թե մենք ցուցադրում ենք ելույթի մեկ շարունակական հատված, այլ ոչ թե ելույթի տարբեր մասերից հատվածներ, և որ սա սխալ տպավորություն է ստեղծել, թե նախագահ Թրամփն ուղղակի կոչ է արել բռնի գործողությունների», - ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է նոյեմբերի 13-ի երեկոյան։
BBC-ի փաստաբանները նամակ են գրել Թրամփի փաստաբանների թիմին, իսկ BBC-ի նախագահ Սամիր Շահն առանձին համակ է ուղարկել Սպիտակ տուն՝ ներողություն խնդրելով 2021 թ. հունվարի 6-ի նրա ելույթի մոնտաժման համար։ «Չնայած BBC-ն անկեղծորեն ափսոսում է այն բանի համար, թե ինչպես է տեսահոլովակը մոնտաժվել, սակայն մենք կտրականապես համաձայն չենք, որ առկա են հիմքեր զրպարտության հայցի համար», - նշել են կորպորացիայում։
Panorama հաղորդման ընթացքում, որը BBC-ն եթեր է հեռարձակել 2024 թ. հոկտեմբերին, 2021 թ. հունվարի 6-ի Թրամփի ելույթը մոնտաժվել է այնպես, որ կարելի է եզրակացնել, թե նա, իբրև, կոչ է անում գրավել ԱՄՆ Կոնգրեսի շենքը, թեև իրականում նա խոսել է խաղաղ միջոցներով քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտության մասին:
Մոնտաժված հատվածից անմիջապես հետո BBC-ն ցուցադրել է մարդկանց կադրեր, որոնք գնում են դեպի Կոնգրեսի շենք, ինչի պատճառով ստեղծվում է տպավորություն, թե նրանք հետևում են Թրամփի կոչին: Իրականում այդ կադրերը նկարահանվել են նախքան այն պահը, երբ Թրամփը սկսել է ելույթը Վաշինգտոնում իր հազարավոր կողմնակիցների առջև:
Այս սկանդալի հետևանքով հրաժարական են տվել BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին, ինչպես նաև լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին