Կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը դյուրացվում են
Հանրապետությունում կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը դյուրացվում են։ Փոփոխություններ են նախատեսված ինչպես աշխատանքային ստաժի, այնպես էլ պահանջվող փաստաթղթերի հետ կապված։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշեց, որ 1992-2004 թվականների ժամանակահատվածը քաղաքացիների կենսաթոշակի հաշվարկման համար խոցելի տարիներ են։
Շատերի պարագայում այդ տարիների աշխատանքային գործունեության վերաբերյալ փաստաթղթերն ամբողջական պահպանված չեն։ Այդ իսկ պատճառով շատ քաղաքացիներ կենսաթոշակի համար դիմելիս խնդրի առաջ էին կանգնում։ Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բացակայությամբ պայմանավորված աշխատանքային որոշ տարիներ չէին հաշվարկվում։
«1992-2004 թվականների շրջանն աքիլլեսյան գարշապար է մեզ համար, որովհետև փաստաթղթերը կամ մասամբ են պահպանվել կամ չեն պահպանվել։ Հիմա փորձում ենք հեշտացնել գործընթացը։ Մինչ այժմ ինչպե՞ս էր ստաժը հաշվարկվում։ Բացի աշխատանքային գրքույկից, պետք էր ներկայացնել սոցիալական վճարը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթուղթ։ Այսինքն՝ միայն աշխատանքային գրքույկը բավարար չէր, որ աշխատանքային ստաժը հաշվարկվեր։ Ի՞նչ ենք առաջարկում հիմա։ Մենք առանձնացրել ենք կազմակերպությունների ցանկ, որտեղ 1992-2004 թվականներին աշխատած անձանց ստաժը կհաշվարկվի, եթե աշխատանքային գրքույկը պահպանված լինի։ Այսինքն՝ արդեն միայն աշխատանքային գրքույկը բավարար կլինի ստաժի հաշվարկման համար»,-ասաց Անահիտ Գալստյանը։
Այդ ցանկում ընդգրկված կազմակերպություններն են՝ պետական կառույցները, բանկերը, ֆինանսական այլ կազմակերպությունները, դպրոցները, բուհերը, բուժհաստատությունները, մշակութային կառույցները՝ թատրոնները, կինոթատրոնները և այլն։ Ցանկը հրապարակված կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում։
Աշխատանքային ստաժի հաշվարկման այս նոր մոտեցումը կիրառվելու է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ։ Մինչև 2013 թվականը Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած ժամանակահատվածը կհաշվառվի բացառապես աշխատանքային գրքույկում կատարված գրառումների հիման վրա։
Այս ամենի պարագայում զգալի կրճատվելու է արխիվին ուղղվող հարցումների քանակը։ Դա հեշտացնում է վարչարարությունը, կրճատում է ժամանակը։ Եթե արխիվային հարցումները չկան, ապա նշանակում է, որ քաղաքացիները ստիպված չեն լինի երկար սպասել։
Այն քաղաքացիները, որոնք կենսաթոշակ են ստանում ու ժամանակին փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պարագայում աշխատանքային որոշ տարիներ չեն հաշվարկվել, ապա կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության գրասենյակ վերահաշվարկի հնարավորության համար։
Որոշում է կայացվել նաև քաղաքացիներին զերծ պահել քաշքշուկից, եթե, օրինակ, աշխատանքային գրքույկը պատշաճ լրացված չէ, անվան որևէ տառի վրիպում կա կամ դրված կնիքը լավ տեսանելի չէ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը