Հանրային լսումներ չկայացան
Հանրային լսումներ տեղի չունեցան, քանի որ ժողովուրդը չհամաձայնեց դրանց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը` անդրադառնալով Լոռու մարզի Մղարթ համայնքում նախատեսված լսումներին, որտեղ քննարկվելու էր Արդվիի ավագանու կողմից ոսկու հանք շահագործելու հարցով մերժված «Միռամ»-ընկերության նոր հայտը:
Արսեն Տիտանյանը նշեց, որ քաղաքացիները հիմնականում դեմ են հանքի շահագործմանը: «Ես չեմ կարող ասել` հաջորդ քայլը որն է լինելու, ընկերությունը նորից փորձելո՞ւ է հանրային լսում կազմակերպել, թե՞ սրանով արդեն կավարտվեն իրենց քննարկումները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իր անձնական դիրքորոշմանը, ապա նա նշեց, որ ինքն ի սկզբանե ասել է, որ ժողովրդի կողքին է լինելու և միանշանակ դեմ է հանքի շահագործմանը:
Համայնքապետը նշեց, որ ավագանին չի կարող որոշում կայացնել, մինչև հանրային լսումը չկայանա: «Ավագանու որոշումը լինելու է հանրային լսում իրականացնելուց հետո, իսկ քանի որ հանրային լսում չի կայացել, ավագանին չի կարող որոշում կայացնել»,-ասաց նա
Հարցին` տեսնո՞ւմ է որևէ հավանականություն, որ ժողովրդի կարծիքը կշրջանցեն, Արսեն Տիտանյանը պատասխանեց. «Որևէ հնարավորություն չկա առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու ծրագիրը իրականացնելու, դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ժողովուրդն իր տեսակետը փոխի, սակայն չեմ կարծում, որ կմտքափոխվի»,-ասաց նա:
Նշենք, որ «Միռամ» ընկերության մասով, որը Օձունում ներառված Արդվիի տարածքներում գտնվող (Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումը ընդգրկում է երկու համայնքների՝ Մղարթի 54 հա և Արդվի 146 հա տարածքները) Շեկաղբյուրի ոսկու պաշարների նկատմամբ հավակնություններ ունի, սեպտեմբերին անցկացվել էին լսումներ` ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախագծի վերաբերյալ: «Միռամ»-ընկերությունը այս անգամ հանքի շահագործման հայտ ներկայացրել է Օձուն համայնքին, որի կազմում են և՛ Արդվին, և՛ Մղարթը, խոշորացման արդյունքում:

















































