Կինը գումար չվաստակելու համար դանակահարել է ամուսնուն
Արարատի մարզում 29-ամյա կինը դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման ամուսնուն ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Մարինեն անցած տարվա դեկտեմբերին վագոն տնակում երեխաներին կերակրելու համար գումար վաստակելու միջոցներ ձոռնարկելու հարցի շուրջ վիճել է ամուսնու հետ: Վիճաբանության ընթացքում Մարինեն դանակով հարվածել է ամուսնուն՝ դիտավորությամբ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Մարինեն հայտարարեց, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, եւ միջնորդեց դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Մարինեն մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Դատարանը որոշեց նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարվա փորձաշրջան:

















































