Վայոց ձորում գյուղաբնակների 52,4%–ը գործազուրկ է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Զբաղվածության պետական գործակալության տվյաներով 2017 թվականի նոյեմբերի 1–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Վայոց ձորի մարզում կազմում է 1,8 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 13%–ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 69,7%–ը կամ 1,3 հազար մարդ: Այս մասին «Փաստ» օրաթերթին տեղեկացրեցին Զբաղվածության պետական գործակալությունից:
Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 17,2%–ով: Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազում է 66%, երիտասարդներինը՝ 27,5%, հաշմանդամություն ունեցողներինը՝ 8,9%, իսկ գյուղաբնակներինը՝ 52,4%:
Մարզում հետբուհական եւ բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 13,4%–ը, թերի բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 14%–ը: Արհեստագործական կրթություն ունեցողներից գործազուրկ են 5,8%–ը: Աշխատանք չունեցողների 63,9%–ը միջնակարգ կրթություն ունեցողներն են, իսկ տարրական կրթություն ունեցողներից 2,9%–ն է գործազուրկ:
Ըստ Զբաղվածության պետական գործակալության՝ գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում բարձրագույն կրթության՝ մանկավարժները, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության եւ կառավարման ոլորտի մասնագետները: Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 66,8%–ը:
Վայոց ձորում 16–29 տարեկանները գործազուրկների 27,5%–ն են կազմում: 30–44 տարեկանների 39%–ը մարզում աշխատանքի կարիք ունի: 45–54 տարեկանները գործազուրկների 20%–ն են կազմում: 50–ից բարձր տարիքի անձանց 13,5%–ի զբաղվածության հարցը մնում է չլուծված:
Տարեսկզբից մարզի ԶՏԿ–ներում խորհրդատվություն է ստացել 3248 աշխատանք փնտրող՝ մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության օրենսդրության, ծրագրերի, աշխատանքի փոփոխման եւ այլ հարցերով:
Տարվա ընթացքում կենտրոնները համագործակցել են մարզի 395 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 314 թափուր չկրկնվող աշխատատեղ:
Այստեղ նաեւ աշխատանքի չլրացվող թափուր տեղեր կան: Մարզում շարունակվում են պահանջարկված մնալ բժիշկների թափուր աշխատատեղերը, իսկ վերջին տարիներին նաեւ միջին որակավորման ֆինանսների եւ առեւտրի բնագավառների, սպասարկման ոլորտի մասնագետները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































