Երևանում «օրենքով գողերի» միջև «ռազբորկա» է եղել, հայտնաբերել են Mercedes և Toyota ավտոմեքենաները
Նոյեմբերի 17-ին Երևանում օրենքով գողերին միջև տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հայտնաբերել են Mercedes մակնիշի 10 MO 010 համարանիշի և Toyota մակնիշի 11 OT 001 համարանիշի ավտոմեքենաները, որոնք տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանությունը կասկածներ ունի, որ նշված ավտոմեքենաներով են ժամանել «օրենքով գողերի» միջև տեղի ունեցած «ռազբորկային»։
Ինչպես տեղեկանում ենք «Փաստինֆո»-ից, նոյեմբերի 17-ին Երևանում «Օրենքով գողերի» միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված «Արսեն Երևանսկին»՝ Արսեն Մկրտչյանը, ազատ է արձակվել, չի կալանավորվել։
Փաստաբան Հովսեփ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Մկրտչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն չի ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի կողմից, իսկ Մկրտչյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։ Դատարանը Մկրտչյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչել։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել, քանի որ մեղք չի գործել, իսկ թե արդյո՞ք նրա մասնակցությամբ այլ գործողություններ իրականացվել են, «Օրենքով գողերը»՝ Արսեն Մկրտչյանը և կալանավորված «Վիտյա Թբիլիսկին» արդեն առերեսվել են, թե՝ ոչ, փաստաբանը բացասական պատասխանեց։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին՝ օրվա ցերեկային ժամերին՝ ժամը՝ 16,00-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում «Օրենքով գողեր» «Արսեն Երևանսկու» և «Վիտյա Թբիլիսկիի» միջև վիճաբանություն է եղել, որին մասնակից են եղել նաև նրանց կողմնակիցները։ Վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցվել, հայհոյանքներ հնչեցվել։ Դեպքի առթիվ նախաձեռվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։ Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին էին ներկայացվել միջադեպի 12 մասնակից, այդ թվում՝ Արսեն Մկրտչյանը։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։ Նույն քրեական վարույթով ավելի ուշ հայտնաբերվել, ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է նաև «Վիտյա Թբիլիսկին»։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է փոշեբյուրեղանման զանգված, իսկ Toyota մակնիշի ավտոմեքենայում՝ ատրճանակի նմանվող առարկաներ՝ «MY 2245» և «YT 3014» գրառմամբ: Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ։ Ըստ փորձագետների եզրակացությունների՝ խուզարկությամբ Վ.Ա.-ի մոտ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ ատրճանակի նմանվող առարկաները ПМ /մակարով/ մոդելի «MY 2245» և «YT 3014» համարի 9մմ տրամաչափի ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակներ են, որոնք, ինչպես նաև հայտնաբերված ընդհանուր 16 հատ 9մմ տրամաչափի փամփուշտները հանդիսանում են ռազմամթերք:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել