Ո՞րն է հայ փրկարարներին ռուսերեն սովորեցնելու նպատակը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի եւ Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի միջեւ համագործակցության ուղիները:
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ նախարար Տոնոյանը հյուրերին ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում վերապատրաստման գործուղվող, ինչպես նաեւ՝ տարածաշրջանում միակ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուս փորձագետների կողմից վերապատրաստվող փրկարարների ռուսերեն լեզվի իմացության մակարդակի բարձրացման կարիքները:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջոցով մշակել փրկարարների՝ ռուսերեն լեզվի իմացության կատարելագործման երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրեր, ինչպես նաեւ՝ հեռահար ուսուցման փաթեթներ: Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա փրկարարներին կատարելագործել իրենց հմտությունները եւ վերապատրաստվել ՌԴ մասնագետների կողմից՝ հաղթահարելով լեզվի իմացության խոչընդոտները:

















































