Թրամփը դժգոհ է ռուսների դիրքորոշումից Հյուսիսային Կորեայի հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Ռուսաստանը խոչընդոտում է Հյուսիսային Կորեային միջուկային զենքից զրկելու Ամերիկայի ջանքերը, մինչդեռ, Չինաստանն այդ խնդրում առավել նպաստավոր է գործում:
Fox Business Network ընկերությանը տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային հիմնախնդիրն ավելի դյուրին կլիներ կարգավորել, եթե բարելավվեին Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հարաբերությունները:
«Չինաստանը մեզ օգնում է, իսկ Ռուսաստանը, հավանաբար, գնում է այլ ճանապարհով և խոչընդոտում մեր աշխատանքը»,- ասել է Թրամփը:
Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային փորձարկումների և Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ունի փոխադարձ հնչեցրած սպառնալիքների ու վիրավորանքների հետևանքով Վաշինգթոնի և Փհենյանի հարաբերությունները ծայրաստիճան սրվել են:
Ռուսաստանը պահպանում է կապերը Հյուսիսային Կորեայի հետ, իսկ Չինաստանը համարվում է այդ երկրի հիմնական առևտրային գործընկերն ու դաշնակիցը:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում ճգնաժամ է առաջացել 2014 թվականին Մոսկվայի կողմից Ղրիմը գրավելու հետևանքով, ապա երկու երկրների կապերն էլ ավելի են վատթարացել 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտության կապակցությամբ:
«Կարծում եմ, մենք կարող էինք ավելի լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, կարծում եմ, այդ դեպքում Հյուսիսային Կորեայի իրավիճակն ավելի հեշտ կլուծվեր»,- ասել է Թրամփը:

















































