Վանաձորի ավագանին քաղաքի 20 մանկապարտեզից 15-ում բարձրացրել է վարձավճարները
Վանաձորի ավագանու հոկտեմբերի 25-ի նիստում որոշում է կայացվել քաղաքի 20 մանկապարտեզների համար ծնողական վարձավճարների ընդհանուր դրույքաչափ սահմանելու մասին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի առաջարկով քաղաքի մանկապարտեզները դասակարգվել են երկու խմբի՝ տնակային ու շենքային պայմաններում գործողների: Մ. Ասլանյանն առաջարկել է տնակային պայմաններում գործող մանկապարտեզներում ծնողական վարձավճարի չափը սահմանել 3.500, քարե շենքերում՝ 5.000 դրամ: Ավագանու անդամներից մի քանիսը, սակայն, դեմ էին այս տարբերակին:
Մոտ կես ժամ տեւած քննարկման արդյունքում 2018թ.-ի համար սահմանվեց վարձավճարների 4.000 եւ 5.000 դրամ սակագին՝ համապատասխանաբար տնակային ու շենքային պայմաններով մանկապարտեզների համար:
Մինչ այժմ Վանաձորի մանկապարտեզներում վարձավճարների տարբեր սակագներ էին գործում. վարձավաճարի չափը տատանվում էր 3000-6000 դրամի սահմանում: Նոր սակագին սահմանելու արդյունքում քաղաքի 20 մանկապարտեզներից 15-ում վարձավճարի չափը բարձրացավ, նվազում գրանցվեց 2 մանկապարտեզում, չափը մնաց անփոփոխ 3-ում:

















































