Աջ ղեկով մեքենաների շահագործումը չի արգելվի
Ինչ-որ փոփոխություն կլինի, բայց աջ ղեկավոր մեքենաների տերերը կարող են վստահ լինել, որ իրենք կշարունակեն վարել իրենց մեքենաները: Այս մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ կառավարության լրատվական վարչության հեղինակած «Հրապարակում» հեռուստածրագրի ժամանակ:
Նախարարի խոսքով՝ վերջին օրերին, վերջին շաբաթներին շատ է քննարկվում այդ հարցը: «Այդպիսի իրավական ակտեր ստորագրված չկան, որեւէ որոշում կայացված չկա, միայն քննարկումների փուլում է: Կլինի այնպիսի որոշում, որ ոչ մեկի իրավունքները չեն ոտնահարվի, ոչ մեկն իրեն վատ չի զգա այդ որոշումից»,- հայտարարել է նախարարը:
Հարցին՝ եթե որոշում կայացվի, որ աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելվի, կառավարությունը պատրա՞ստ է փոխհատուցելու, Վահան Մարտիրոսյանը պատասխանել է, որ փոխհատուցման հարց չի առաջանում։ «Այնտեղ փոխհատուցելու բան չի լինի, որ փոխհատուցվի: Չի արգելվելու մեքենաների շահագործումը»: Ճշգրտմանը, թե արդյո՞ք կարելի է վստահ լինել, որ աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումը չի արգելվի, Վահան Մարտիրոսյանն այպես է արձագանքել. «Այսօր ինչ ձեւով կա, ինչ-որ փոփոխություն կլինի, բայց կարող են տերերը վստահ լինեն, որ իրենք կշարունակեն վարել իրենց մեքենաները»:

















































