Կամավորականությունն ավարտվում է զինկոմիսարիատի դռան մոտ. Վիգեն Սարգսյան
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ կամավորականության կարգավորման սկզբունքին:
«Կամավորականության հասկացությունը շատ հարազատ է մեր ժողովրդին, և այս տարիներին մեր բանակաշինությունը և ապրիլյան պատերազմի փորձը ցույց են տվել, որ կամավորական շարժումը մեծ ներուժ ունի և լիարժեք պետք է կարգավորման հիմքով տեղ գտնի օրենսդրության մեջ»,-ասաց նախարարը:
Ըստ նախարարի՝ նախագծում իրենք թողել են հստակեցում՝ նախատեսելով, որ կամավորական սկզբունքով կարող են պահեստազորային նախապատրաստում անցնել այն քաղաքացիները, որոնք ենթակա չեն պահեստազորում պարտադիր հաշվառման։
«Ո՞րն է նպատակը։ Կամավորականությունը չպետք է խանգարի սահմանադրական պարտավորության կատարմանը. եթե քաղաքացին զինապարտ է, հաշվառված է պահեստազորում, նա ոչ թե կամավորականության սկզբունքով պետք է գնա, այլ առաջնորդվելով իր զինկոմիսարիատի կողմից իրենց տրված առաջադրանքով՝ ներկայանա նշված վայր, նշված օրը, նշված պահին: Սակայն մենք ունենք տարածքային խմբեր, զորակոչի և հաշվառման ոչ ենթակա խմբեր, որոնք կարող են կամավորականության սկզբունքով համալրել համապատասխան ստորաբաժանումները»,-ասաց նա:
Ըստ նախարարի՝ իրենց մոտեցումը մեկն է. «Որ կամավորականությունն ավարտվում է զինկոմիսարիատի դռան մոտ, այն պահին, երբ քաղաքացին ներկայացել է. բանակը պարտավոր է նախանշել նրա ծառայության վայրը, ստեղծել պայմաններ, ապահովել երաշխիքներ և տալ իրավական կարգավորում»,-եզրափակեց նա:

















































