«Մինչեւ վերջին փամփուշտը կռվել են». զոհված 37-ամյա զինծառայողը 3 մանկահասակ երեխաների հայր էր
Պայմանագրային զինծառայող Սաղաթել Սարգսյանին 1 օր էր մնացել, որ իջնի դիրքերից, երբ սեպտեմբերի 13–ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Նա քեռու տղայի հետ Արտանիշի դիրքերում էր, նրանց նահանջ հրաման է տրվել, սակայն, արդեն ուշ է եղել, տղաներն ընկել են շրջափակման մեջ. Սաղաթելը եւ Լյովան զոհվել են։
«Վերջին անգամ սեպտեմբերի 13-ին եմ զանգել, ասեց, որ ամեն ինչ լավ է, էլ չզանգեմ իրեն, ես էլ ասեցի, որ իրեն լավ նայի, էլ չեմ զանգի, ու էլ չեմ խոսել հետը: Հետո իմացանք, որ իրենց պոստը լրիվ ավիրված է: Այդպես մի քանի օր հույս ունեինք, որ գերի է, հետո 21-ին խաբարն եկավ, որ գերի չէ, զոհվել է: Իրենք մինչեւ վերջին փամփուշտը կռվել են, հետո իրենց նահանջ հրաման է եկել, բայց արդեն շրջափակման մեջ են ընկել»,- NEWS.am-ին պատմեց Սաղաթելի կինը:
Սաղաթելը 37 տարեկան էր, երկար տարիներ զինված ուժերում էր ծառայում, մասնակցել է 44–օրյա պատերազմին։ Հենց այդ ժամանակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մայրն է որդուն փորձել համոզել դուրս գալ ծառայությունից, սակայն, Սաղաթելը չի համաձայնվել։
«Ասեց` չէ, մամ ջան, որ ես դուրս գամ, որ բոլորը քո նման մտածեն, մեր հայրենիքի, մեր ժողովրդի վիճակը ոնց կլինի»,- ասաց մայրը»
Սարգսյաններն ապրում են Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում։ Տան միակ աշխատողն էր Սաղաթելը, 3 մանկահասակ երեխաների հայր։ Տան ավագը 12–ամյա Հրաչն է, ամենափոքրը՝ 6–ամյա Մարին, որի առաջին սեպտեմբերի 1–ին հայրը ներկա չի եղել, նույն օրը դիրքեր է բարձրացել։
Սաղաթելն իր աշխատավարձով նաեւ քրոջ չորս երեխաներին էր խնամում։ Քրոջ ամուսինը նույնպես զինվորական էր, դժբախտ պատահարի հետեւանքով է տարիներ առաջ մահացել։
«Մեր տան միակ աշխատողն էր, էդ մինուճար որդին ունեի, թողեց մեզ անտեր, գնաց: Ոչ մեկ չի աշխատում, թոշակս որ ստանում եմ, դեղերիս հերիք չի անում, ամիսը 50-60 հազար դեղ եմ առնում»,- պատմեց մայրը
Որդու կիսատ մնացած գործերը հիմա թոշակառու հայրն է փորձում շարունակել։ Ասում է՝ իր ընտանիքի սյունն էր Սաղաթելը եւ սեպտեմբերի 13–ից հետո դժվար է նորից ապրելու իմաստ գտնելը, բայց հպարտ է, որ հայրենասեր տղա ունի։
«Ինք գիտակցում էր իր մահը, ասում էր որ պատերազմ եղավ, էլ հետ չեմ գա»,- ասում է հայրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել