Տարօրինակ անուններ՝ համայնքի ղեկավարի ու ավագանու թեկնածուների անվանացանկում
Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում: Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ եւ Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ:
Նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու անդամի եւ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
Թեկնածուների առաջադրման ժամկետը լրացել է դեռեւս հոկտեմբերի 6-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է համայնքի ղեկավարի ու ավագանու թեկնածուների անվանացանկն ըստ ընտրատարածքների:
Որոշ թեկնածուների տվյալները նայելիս առաջին հարցը, որ առաջանում է՝ տղամարդ է, թե կին: Պատճառը անունների մեղմ ասած արտասովոր լինելն է:
Սարիման, Ասուն, Կիմիկ, Գուրենիկ, Վերչալույս, Արֆուտ, Անզոր, Այսեր, Զհար, Արքաիկ... Սա տարօրինակ անունների ոչ ամբողջական ցանկն է:
Թեկնածուների տարօրինակ անուններին երբեմն չեն զիջում նաեւ հայրանունները՝ Ասմանի, Վենիկի, Ռաժդենի, Զեյթունի, Հովմիրի:
Վաղուց չափահաս դարձած թեկնածուներից մի քանիսի մոտ էլ անունները վերջանում են իկ վերջածանցով՝ Հակոբիկ, Նունիկ, Տարոնիկ, Վլադիկ, Պետիկ...

















































