Մնջոյանի անվան ինստիտուտում քիմիական նյութեր են այրվել, կողքի շենքից մարդկանց տարհանել են
Երեւանի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում բռնկված հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է, հրդեհը եղել է միայն նկուղում:
ԱԻՆ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը լրագրողներին հայտնեց, որ թեեւ շենքի նկուղում քիմիական նյութեր են եղել, սակայն օդի աղտոտվածության վտանգ չկա. «Մեր քիմիկներն աշխատում են եւ կասեն, թե օդի աղտոտվածության աստիճանն ինչպիսին է, բայց անզեն աչքով էլ երեւում է, որ վտանգ չկա: Չկա նաեւ հրդեհի տարածման վտանգ, այն ամբողջությամբ մեկուսացված է»:
Նազարյանի խոսքով, կողքը միայն Երեւանի քննչական վարչության շենքն է, որի աշխատակիցները միանգամից տարհանվել են:
Նշենք, որ հրդեհի ժամանակ մարդկանց թույլ չեն տվել շատ մոտենալ, քանի որ ներսում քիմիական նյութեր կան, եւ ծուխը խեղդող է եղել:
Այս առնչությամբ, ԱԻՆ տեխնածին վթարների բաժնի պետ Կարապետ Կարապետյանը նշեց, որ նկուղում տարաբնույթ քիմիական նյութեր, ռեակտիվներ կան ու հայտնի չէ, թե դրանցից կոնկրետ որն է այրվել. «Ծխահարման աղբյուրը փոքր է, տարածության մեջ ցրվում է, հակառակ դեպքում հարակից բնակչությանը կտարհանեինք»:
ԱԻՆ-ից հայտնեցին նաեւ, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 10.45-ին:

















































