Մանկապարտեզի տնօրենի անմարդկային եւ սահմռկեցուցիչ արարքը
Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ օրերս աշխատանքից ազատվել է Երեւանի թիվ157 մանկապարտեզի տնօրեն Զարա Ադիյանը, եւ որ դրա շուրջ ինչ-ինչ շահարկումներ են եղել:
Շահարկումներին վերջ տալու համար քաղաքապետարանը պարզաբանում է հրապարակել, որից պարզվում է, որ Զարա Ադիյանը անմարդկային, սահմռկեցուցիչ արարք է թույլ տվել: Պատկերացնո՞ւմ եք, նա թույլ է տվել մանկապարտեզ հաճախել «չհաշվառված» երեխայի:
Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ ծանր հանցանք է գործել Զարա Ադիյանը: Եթե չլիներ թեժ գծի միջոցով ահազանգը, պատկերացնո՞ւմ եք, թե այդ «չհաշվառված» երեխան ինչ արարքներ կարող էր իրեն թույլ տալ, եւ որքան սնունդ կարող էր օգտագործել:
Մնում է շնորհակալություն հայտնել այն ծնողին, որը վերցրել է հեռախոսը եւ զանգել թեժ գիծ ու ասել, թե բա չգիտեք, մեր երեխաների հետ նույն մանկապարտեզ է հաճախում «չհաշվառված» երեխա:
Ի դեպ, սույն ահազանգի հիման վրա իրականացված վերահսկողության արդյունքներով նաեւ պարզվել է, որ Զարա Ադիյանը «Մանկապարտեզ» էլեկտրոնային հաշվառման համակարգում թույլ է տվել այնպիսի ձևակերպումներ (միջամտություններ), որոնց իրավասությունը չի ունեցել: Այստեղ մնում է ասել՝ այ, այ այ, ինչպե՞ս է համարձակվել:
Քաղաքապետարանը հարկ է համարում նաեւ տեղեկացնել, որ պաշտոնից ազատված տնօրենն իր բացատրագրում ընդունել է, որ կատարել է վերոնշյալ խախտումները: Այստեղ ակամա հիշում ես ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած այն տեղեկատվությունը, որում ասվում էր, թե Լապշինը զղջում է իր արարքի համար եւ խոստանում է ուղղվել եւ առողջություն է ցանկանում Ալիեւին ու իր ընտանիքին:
Վիճակագրության սիրահարների եւ առավել հետաքրքրասերների համար էլ ավելացնենք, որ 157 մանկապարտեզը գտնվում է Քանաքեռում: Այնպես որ, եթե ճանաչում եք մեկին, ով հաճախում է այդ մանկապարտեզ, ապա զանգահարեք թեժ գիծ եւ խնդրեք ճշտել, թե արդյո՞ք այնտեղ չեն մնացել «չհաշվառված» երեխաներ:
Top-News.am

















































