Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է
Ռուսաստանում դատապարտված եւ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 11-ին կանցնի աշխատանքի եւ կալանավայրից դուրս գալու հնարավորություն կունենա:
Հարությունյանի ընտանիքի անդամները NEWS.am-ին հայտնեցին, որ պատիժը բաց ռեժիմով կրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում աշխատանքի առկայության վերաբերյալ տեղեկանքն իրենք ներկայացրել են արդարադատության նախարարությանն ու սպասում են պատասխանի:
«Կարծում եմ՝ երկուշաբթի արդեն Հրաչյան կկարողանա դուրս գալ կալանավայրից»,- ասաց Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի:
Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

















































