Դիլիջանի պետական քոլեջի տնօրենը ուսանողների կրթաթոշակնե՞րն է յուրացրել
Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանը հայտնվել է դատարանում ուսանողների կրթաթոշակները յուրացնելու մեղադրանքով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Թամրազյանը վերցրել է 2014թ հունիսի ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակները և միջին մասնագիտական բաժնի 68 ուսանողների կրթաթոշակների ընդհանուր 323 հազար և արհեստագործական բաժնի 17 ուսանողների ընդհանուր 79 հազար դրամը: Այնուհետեւ տնօրենը միայն երկու ուսանողի տվել է կրթաթոշակը, իսկ մնացած 392 հազար դրամը յուրացրել:
Բացի դրանից, Գրետա Թամրազյանը, ըստ մեղադրանքի, գանձապահին հանձնարարել է չորս ուսանողի անվան դիմաց կեղծ ստորագրություն դնել եւ մեկ կիսամյակի կրթաթոշակները տալ իրեն: Այս կերպ, նա յուրացրել է 76 հազար դրամ:
Գրետա Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 38-235-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

















































