Դանակահարվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը. բժիշկները հեռացրել են փայծաղը
Այսօր՝ ժամը 2.50 ՀՀ ոստիկանությունը Մասիսի հիվանդանոցից ահազանգ է ստացել այն մասին, որ սուր-կտրող վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանը: Վերջինս այնուհետև տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՊՊԾ գնդի հրամանատարն ի վիճակի չի եղել բացատրություն տալու։ Ձեռնարկվում են միջոցներ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
shamshyan.com կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում. Հ. Մկրտչյանը փորձել է կանխել բռնկված վիճաբանությունը և դանակահարվել է։ Նրան Մասիսի հիվանդանոց է տեղափոխել եղբայրը. պարզվել է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Վիրահատությունը տևել է մի քանի ժամ, և բժիշկները հեռացրել են փայծաղը և վիրահատել են թոքը։

















































