Շուտով կսկսվի ՀԱԷԿ-ի սարքավորումների մատակարարումը
Այս տարվա նոյեմբերին նախատեսվում է սկսել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ սարքավորումների առաջին փուլի մատակարարումները Հայաստան։
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից հայտնում են, որ սարքավորումների փոխարինման նպատակով այժմ իրականացվում են մրցույթների անցկացման եւ պայմանագրերի կնքման աշխատանքներ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով՝ առաջին կիսամյակում էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում լիազորված կազմակերպությունների միջեւ սահմանված կարգով կնքվել է ծառայությունների մատուցման 16 պայմանագիր, որոնք ներկայացվել են Հայաստանի եւ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների հաստատմանը:
«Ներկայումս մշակվում են «Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲ ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի եւ «Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲ ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանի հաստատման եւ դրանից բխող միջոցառումների իրականացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը»,-ասել է Հայկ Բադալյանը։
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված՝ համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային եւ 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։

















































