Հայաստան բանան ներկրող գործարարի սառնարանների վրա անհայտ անձինք «կիսլոտա» են լցրել
Հայաստան բանան ներկրող գործարար Վահրամ Միրաքյանին պատկանող սառնարանների կոմպրեսորների վրա անհայտ անձինք թթու են լցրել: NEWS.am-ի հետ զրույցում Վահրամ Միրաքյանը նշեց, որ անհայտ անձինք գիշերը կոտրել են պահեստի դուռը եւ 200 քառակուսի մետրի վրա գտնվող բոլոր սառնարանների վրա, որտեղ բանան է պահվում, թթու են լցրել:
«Չգիտեմ՝ ովա արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում, լավ իմացել են՝ ինչ են անում, ամենակարեւոր տեղերում են լցրել կիսլոտան: Գործունեության հետ կապված է, թե չէ, ինչի՞ են սառնարան փչացնում, ոչ թե իմ տունը վնասում, կամ մեքենաս»,-ասաց նա:
Նա նշեց, որ տարածքում տեսահսկող սարքեր չեն եղել. «Սառնարանները ցանկապատով փակ են եւ կողպեքով կողպված՝ կողպեքները ջարդել են, ռեշոտկեքը բացել եւ սառնարանների այնպիսի տեղում լցրել թթուն, որ փչանան»:
Վահրամ Միրաքյանը նշեց, որ արդեն ահազանգել է ոստիկանություն, այժմ սպասում են, որպեսզի իրավապահ մարմինները դեպքի վայր ժամանեն եւ հետաքննություն սկսեն. «102 զանգել ենք, սպասում ենք ոստիկանության գործողություններին։ Էս պահին թթուն շարունակում է քայքայել սառնարանը, դեռ չենք մաքրում, որ ոստիկանությունը գա, մատնահետքեր վերցնի»,-ասաց նա:

















































