Երեւանում վարձակալությամբ տների պահանջարկը մեծացել է
Երեւանում վարձակալությամբ տների պահանջարկը մեծացել է: Հատկապես ամռանը զբոսաշրջիկներն ու արտերկրից ժամանած հայերը նախընտրում են օրավարձով տներ, մասնավորապես Փոքր Կենտրոնում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անշարժ գույքի առքուվաճառքով եւ վարձակալությամբ զբաղվող «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը նշեց, որ չի բացառվում, որ մի օր առաջարկը չկարողանա բավարարել պահանջարկին:
«Որքան առաջ գնանք, այնքան վարձակալությամբ տների պահանջարկը կմեծանա եւ կարող է նույնիսկ մի պահ գալ, որ առաջարկը չկարողանա պահանջարկին չբավարարել: Օրավարձով տներն էլ սեզոնային բնույթ են կրում եւ հատկապես ամռանն ակտիվություն է նկատվում: Օրավարձով տների գների էական բարձրացում չկա, բայց դեֆիցիտի հաշվին կարող են ավելի բարձր գին ասել»,- ասաց Հակոբ Բաղդասարյանը:
Հոլդինգի նախագահի խոսքով, որքան Հայաստանում տուրիզմը զարգանա, այնքան օրավարձով տների պահանջարկը կմեծանա:
«Բարս» անշարժ գույքի գործակալության տնօրեն Մարինա Չատինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրավարձով տների գներն այս շրջանում բարձրանում են:
«Վարձակալությունը վերջին ժամանակաշրջանում ակտիվացել է, հատկապես շատ են օրավարձով տներ ցանկացողները: Հիմնականում Փոքր Կենտրոնում զբոսաշրջիկները բնակարաններ են ցանկանում, սակայն շատ են նաեւ առանձնատներ, մասնավորապես ամառանոցներ օրավարձով ցանկացողները»,- նշեց Մարինա Չատինյանը:

















































